Հայկական կողմին փոխանցված 2 զինծառայողի մասունքները նույնականացվել են

Զինծառայողի մարմին. արխիվային լուսանկար
2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ԱԱԾ–ն հունիսի 21-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել զոհված 2 հայ զինծառայողի դիակ–մասունքներ։ Նշվում էր, որ նրանք ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհվածներ են։ Մասունքների նույնականացման նպատակով 2022թ․ սեպտեմբերի 13-14-ին ՀՀ-ի դեմ սանձաազերծված ագրեսիվ պատերազմի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել էին դիակի դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։

«Փորձաքննության եզրակացությունները ստացվել են, որոնց արդյունքում 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիվ պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ՝ ՀՀ ԶՈւ երկու զինծառայողների ինքնությունները պարզվել են»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՔԿ–ի` 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձ այլևս չկա։