ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Ավագյանի, վճռել է Գագիկ Ծառուկյանի աղջկանից և փեսայից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքը:
«Հակակոռուպցիոն դատարանը Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Ծառուկյանից, հօգուտ Հայաստանի նախատեսում է բռնագանձել Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 9177/10.000 մասը, Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հողամասն ամբողջությամբ, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսեր, տրամադրված փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը, Կարապետ Գուլոյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի նաև 1.286.545.113 ՀՀ դրամ»,-նշված է վճռում։
Հիշեցնենք՝ 2023-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Կարապետ Գուլոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում`փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի համար։
Հայտնել էինք նաև, որ 2024-ի հոկտեմբերին լրանում է այդ գործի վաղեմության ժամկետը, ու մեղադրյալներն օրենքի ուժով կազատվեն պատասխանատվությունից։