Ավելի քան 470 մարդ է ձերբակալվել Թուրքիայի հարավում անկարգությունների հետևանքով

Ոստիկաններ Անկարայում. Արխիվային լուսանկար
Կիրակի օրը Թուրքիայի Կայսերի նահանգում անկարգություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել էին մի սիրիացու` երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի - Sputnik. Ավելի քան 470 մարդ է ձերբակալվել Թուրքիայի հարավում` Կայսերի նահանգում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Այս մասին սոցցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Կիրակի օրը Թուրքիայի Կայսերի նահանգում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ ոստիկանները ձերբակալել էին մի սիրիացու` կապված սիրիական ծագում ունեցող երեխայի նկատմամբ ոտնձգության հետ, որը նրա ազգականն էր: Երեխան հանձնվել է խնամակալության մարմիններին, տղամարդուն ձերբակալել են ։
«Կայսերիում տեղի ունեցած այլանդակ միջադեպից հետո մեր երկրի որոշ քաղաքներում սիրիացիների դեմ սադրիչ բողոքի ակցիաներ են կազմակերպվել։ Ապօրինի միջոցների օգտագործմամբ իրականացված սադրիչ գործողություններից հետո ձերբակալվել է 474 մարդ: Պարզվել է, որ ձերբակալվածներից 285-ը դատվածություն ունեն տարբեր հանցագործությունների համար (ապօրինի միգրանտներ անցկացնելը, մարմնական վնասվածքներ հասցնելը, թմրանյութեր, կողոպուտներ, գողություններ, գույքի փչացում, սեռական ոտնձգություններ, խարդախություն, փողերի կեղծում, սպառնալիքներ, վիրավորանքներ, անձնական ազատությունից զրկել և այլն)»,-գրել է Երլիկայան սոցցանցում։
Թուրքիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Կայսերիում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված սոցիալական ցանցերում հաղորդագրությունների շուրջ 37%-ը հրապարակվել է բոտերով, իսկ հաղորդագրությունների գրեթե 70%-ը գրվել են սադրանքների նպատակով: Հետաքննություն է սկսվել սոցցանցերում 63 հաշիվների հետ կապված, տասի սեփականատերերն արդեն պատասխանատվության են ենթարկվել։