Հայ-ադրբեջանական բանակցություններում իրավիճակը շարունակում է խիստ անորոշ մնալ։ Եվ եթե փաստերով խոսենք, ապա, ըստ էության, ոչ մի հայ-ադրբեջանական բանակցություն էլ գոյությունի չունի, ընդամենը բանակցությունների ակտիվ իմիտացիա է տեղի ունենում։
Անշուշտ, «բանակցությունների» ամբողջ տեսանելի տրամադրությունը պահպանվում է. կողմերը ինչ-որ «խորհրդավոր» ուղղումներ և դիտողություններ են փոխանակում, որոնք պետք է համաձայնեցվեն այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» տեքստում։ Իր հերթին տխրահռչակ միջազգային հանրությունը պարբերաբար հիացմունքով «ծափ է տալիս»՝ ողջունելով իբր բանակցությունների «դրական» դինամիկան։ Գործընթացը կատարյալ դարձնելու համար միայն սահմաններին եղբայրացման զանգվածային ակցիաներն են պակասում, բայց․․․
․․․Բայց հենց դրա համար էլ իմիտացիա է․ այս ամբողջ հայ-ադրբեջանական բանակցային կրկեսը իրականության հետ կապ չունի։
Իսկ իրականության մեջ ունենք իրավիճակ, երբ «հարաբերությունների կարգավորման» քողի տակ հայկական կողմին կոպիտ կերպով պարտադրում են տարածաշրջանում հայկական ազգային-քաղաքական տարրի ապամոնտաժման վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի բացարձակ ցնորամիտ պայմանները։
Իհարկե, այդ ամենը լավ օրից չէ, դա Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ մշտական ռազմական, քաղաքական և դիվանագիտական շանտաժի հետևանքն է։
Օրինակ՝ «Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատում և սահանագծում» անվանումով հակահայկական ներկայացումը ըստ էության օրինական գործիք է դարձել, որով ադրբեջանական կողմը Հայաստանից խլում է այսպես կոչված «վիճելի» տարածքները։
Դատեք ինքներդ. օրինաչափ «զուգադիպությամբ» բոլոր այն տարածքները, որոնք Հայաստանը վերջին շրջանում ինքնակամ համաձայնել է կեղծ սահմանազատման շրջանակներում հանձնել Ադրբեջանին, Հայաստանի հյուսիսային շրջանների (Տավուշի մարզի տարածքներ) պաշտպանական գծի հիմքն էին հանդիսանում։ Սակայն փաշինյանական իշխանության կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի նախապայմանների անտրտունջ կատարումն անգամ ոչ մի կերպ չի խանգարում «խաղաղության» հասնելու համար նորանոր պահանջներ ներկայացնելուց։
Իրավիճակն այնպիսի անհեթեթության է հասել, որ Ադրբեջանն արդեն Հայաստանից պահանջում է փոխել երկրի Սահմանադրությունը բացահայտ մտացածին պատրվակով (իբր Հայաստանի Սահմանադրության մեջ կան դրույթներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային «պահանջների» մասին, ինչը բացահայտ մանիպուլյացիա է)։
Ադրբեջանի պայմանների ու պահանջների ցանկն այնքան ծավալուն է, որ դրանց կատարման արդյունքում Հայաստանի Հանրապետությունն ուղղակի ֆիզիկապես կդադարի գոյություն ունենալ։
Իհարկե, սա չի կարող փաշինյանական իշխանություններին ուղղված հարցեր չառաջացնել հայ հասարակության մոտ, որին, հիշեցնենք, խոստացվել էր «խաղաղության դարաշրջան» Ադրբեջանի կազմում Արցախի/Ղարաբաղի ճանաչման դիմաց, բայց ոչ մշտական նվաստացումներ, պատերազմի սպառնալիքներ, կորուստներ, դիվանագիտական շանտաժ, Հայաստանի 240 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիա և սեփական ազգային-պետական ինքնությունից (Սահմանադրությունից) հրաժարվելու պահանջ։
Տվյալ դեպքում հայկական իշխանությունները պետք է գոնե ինչ-որ կերպ հիմնավորեն Ադրբեջանի պահանջները (ինչն ինքնին արդեն նոնսենս է) «հպարտ քաղաքացիների» համար։ Եվ իշխանամետ քարոզչամեքենան ավելի լավ բան չգտավ, քան պաշտոնական Բաքվի ռազմադիվանագիտական շանտաժը վերագրել Հայաստանից ինչ-որ «վրեժ լուծելուն»:
Այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին խորհրդարանական ամբիոնից բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ադրբեջանը մեզնից վրեժ է լուծում անցած 30 տարվա համար, ասում են` դուք մեզ 30 տարի չեք թողել ապրենք, հիմա էլ մենք չենք ձեզ թողնում»:
Սակայն տարածաշրջանային իրողությունների և հայ-ադրբեջանական հակադրության առաջացման պատմական պատճառների նույնիսկ մակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, թե որքան անիմաստ է այն թեզը, թե ադրբեջանական տանդեմի բոլոր քայլերը թելադրված են բացառապես հայերի հանդեպ «վրեժխնդրությամբ»:
Ադրբեջանը Հայաստանից վրեժ լուծելու պատճառ չունի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը երբեք վայրագություններ և չարագործություններ չի գործել հակամարտության սկսվելու պահին Հայաստանում բնակվող ադրբեջանցիների նկատմամբ: Հայաստանում չեն եղել ադրբեջանցիների ջարդեր և կոտորածներ, իսկ այ հայերին գազանաբար սպանել և վտարել են քսաներորդ դարի ութսունականների վերջին և իննսունականների սկզբին Բաքվում, Սումգայիթում ու Մարաղայում։
Հայաստանը երբեք ոչ մի սանտիմետր ադրբեջանական տարածք չի օկուպացրել, իսկ ղարաբաղցի հայերը, որպես հազարամյակներ իրենց հայրենիքում ապրող Ղարաբաղի/Արցախի բնիկ բնակիչներ, որոշել են գնալ ինքնորոշման ճանապարհով` ճիշտ ինչպես ադրբեջանցիները, որոնք իրենց երկրի անկախությունը ձեռք են բերել Խորհրդային Միության փլուզման գործընթացում:
Այսինքն Ադրբեջանը Հայաստանից «վրեժ լուծելու» պատճառ չունի, և Ադրբեջանի ղեկավարությունը դա հիանալի հասկանում է։
Ուրեմն ո՞րն է խնդիրը։ Ինչո՞վ է պայմանավորված թուրք-ադրբեջանական տանդեմի` տարածաշրջանում հայկական գործոնի չեզոքացմանն ու հետագայում հայկական պետականության կազմաքանդմանն ուղղված նպատակային և մեթոդական քաղաքականությունը:
Ամեն բան շատ պարզ է: Ադրբեջանն ու Թուրքիան 20-րդ դարի 20-ական թվականներից վարում են այսպես կոչված «Մեծ Թուրան» նախագծի շրջանակում ընդհանուր սահման ձեռք բերելու համար պայմաններ ստեղծելու քաղաքականություն, որն անխափան կապ պետք է ապահովեր Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի թյուրքալեզու հանրապետությունների միջև` հետագայում Իրանի, Չինաստանի, ռուսական Հյուսիսային Կովկասի թուրանական գաղափարին հավատարիմ տարածաշրջանների վրա համաթուրքական ազդեցության «քաղաքական տարածման» հեռանկարով։
Իսկ Ադրբեջան-Թուրքիա ֆիզիկական սահման ստեղծելու ճանապարհին նրանց միջև միայն Հայաստանն է կանգնած։
Այսինքն Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ տոտալ վերահսկողության ձգտումն ուղղակիորեն համապատասխանում է այսպես կոչված «թյուրքական աշխարհի» գլոբալ աշխարհաքաղաքական հայեցակարգին։ Հետևաբար, Ադրբեջանի դիրքորոշումը որպես «վրեժխնդրության» ինչ-որ բանաձև ներկայացնելու հայաստանյան ներկայիս իշխանությունների ջանքերը քննադատության չեն դիմանում։
Ուրեմն ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չի ճանաչում Հայաստանի նկատմամբ պաշտոնական Բաքվի վարքի իրական պատճառահետևանքային բաղադրիչները։ Այստեղ նույնպես ամեն ինչ պարզ է:
Եթե ՀՀ իշխանությունն ընդունի, որ Ադրբեջանի գործողությունները թելադրված են «Մեծ Թուրանի» նեոթյուրքական աշխարհաքաղաքական դոկտրինով, ապա ՀՀ իշխանությունները ստիպված կլինեն ընդունել նաև, որ «խաղաղության դարաշրջանի» կամ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խաղաղ գոյակցության իրենց մոդելը հրեշավոր խեղկատակություն է և փաստորեն նույն հայկական իշխանությունների բոլոր գործողությունները ոչ թե խաղաղ օրակարգ են ստեղծում, այլ հակառակը` բարենպաստ տարածաշրջանային կոնյունկտուրա են ձևավորում Ադրբեջանի և Թուրքիայի համար «Հայկական հարցը» Հայաստանի փուլային ոչնչացմամբ/չեզոքացմամբ վերջնականապես լուծելու համար։