«Օկուպացված» տարածքներում ադրբեջանական գինի ավելի շատ է վաճառվում, քան հայկական. Ավագ Հարությունյան

Sputnik
Ուկրաինական «Ուկրվինպրոմ» ասոցիացիան, որը միավորում է այդ երկրի մի շարք գինու գործարաններ, դիմել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը` խնդրելով էմբարգո սահմանել վրացական և հայկական գինի ու կոնյակ արտադրողներ 17 ընկերությունների նկատմամբ այն հիմքով, որ նրանք «վաճառք են իրականացնում ժամանակավորապես օկուպացված տարածքներում»:
«Հայաստանի գինու ազգային կենտրոն» կազմակերպության նախագահ Ավագ Հարությունյանը իմ գործընկեր Արամ Գարեգինյանի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուկրաինացի գինեգործները պահանջում են էմբարգո սահմանել միայն հայկական և վրացական ընկերությունների նկատմամբ, իսկ ադրբեջանական գինիների մասին ուկրաինացիները, ինչ–ինչ պատճառով լռում են։
«Հստակ տեղեկություն կա, որ այն տարածքներում, որոնց հղում է արվում, ադրբեջանական գինեգործական արտադրանքն ավելի շատ է վաճառվում, քան հայկականը։ Այս դեպքում առավել տարօրինակ է, որ այդ (ադրբեջանական. խմբ.) գինիների մասին ոչինչ չի խոսվում։ Կարելի է ենթադրել, որ երկակի ստանդարտներ են,- ասել է Հարությունյանը` հավելելով, որ, որպես հայ գինեգործների շահերը պաշտպանող կազմակերպության ղեկավար` առաջիկայում դիմելու է «Ուկրվինպրոմին»` քննարկումներ կազմակերպելու առաջարկով։