Ուկրաինայում մտադիր են պատժամիջոցներ սահմանել հայ և վրացի գինեգործների դեմ

Առաջարկվում է, մասնավորապես, 10 տարով արգելել հայ և վրացի արտադրողներին առևտրային գործառնությունների իրականացումը, չեղյալ համարել նրանց լիցենզիաները և արգելափակել ակտիվները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Պետական պատժամիջոցների քաղաքականության իրականացման հարցերով ուկրաինական միջգերատեսչական աշխատանքային խումբը քննարկում է հայ և վրացի գինեգործների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը, որոնց արտադրանքը վաճառվում է ՌԴ-ում: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական «Էկոնոմիչեսկայա պրավդա» պարբերականին։
Հայկական գինիները եվրոպականին փոխարինող չի համարվում. Ավագ Հարությունյան
Ուկրաինական գինի արտադրողներին միավորող «Ուկրվինպրոմ» կորպորացիան մայիսի վերջին Ուկրաինայի անվտանգության ծառայություն (ՈՒԱԾ) պահանջ է ներկայացրել պատժամիջոցներ սահմանել մի շարք վրացի և հայ գինեգործների դեմ, որոնց արտադրանքը ներկայացված է ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական առևտրային ցանցերում: Նամակում նշված են 17 ձեռնարկություններ, որոնց թվում են Ararat ու Sarajishvili ապրանքնանիշների բրենդիները և վրացական «Ասքանելի եղբայրներ» գինիների հայտնի ապրանքանիշերի արտադրողները:
Առաջարկվում է 10 տարով արգելել նրանց առևտրային գործառնությունների իրականացումը, չեղյալ համարել նրանց լիցենզիաները և արգելափակել ակտիվները։
«Նախատեսված միջոցառումները բավարար կլինեն, որ ուկրաինական առևտրային ցանցերը չկարողանան ձեռնարկությունների արտադրանքը ներկրել պատժամիջոցների ցուցակից և վաճառել Ուկրաինայում։ Եթե որոշումը հաստատի պետական պատժամիջոցային քաղաքականության իրականացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը, ապա մաքսայինը արտադրանքը երկիր չի թողնի», - ասել է «Ուկրվինպրոմի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն։
Տվյալ հարցումը, ինչպես նշում է հրատարակությունը, ներկայումս քննարկվում է պետական պատժամիջոցների քաղաքականության իրականացման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից՝ ագրարային քաղաքականության նախարարության և էկոնոմիկայի նախարարության ներգրավմամբ:
«Ուկրվինպրոմում» հաշվարկել են, որ պատժամիջոցների կիրառումից հետո պատրաստի գինիների շուկայում մոտ 15 տոկոս ծավալով հատված կազատվի։ Այդ բացը, կարծում են երկրում, կարող էին փոխհատուցել ուկրաինացի արտադրողները։
Շուկայի մասնակիցները, սակայն, ենթադրում են, որ պատժամիջոցների սահմանումից հետո կբարձրանա դարակներից անհետացած արտադրանքի անվան տակ կեղծիքների տարածման վտանգը։