ՌԴ անօրինական միգրացիայի հետ կապված հանցագործությունների թիվն ավելի քան կրկնապատկվել է

Անօրինական միգրացիային հակազդելու հարցերը ռազմավարական նշանակություն ունեն, շոշափում են բազմաթիվ գերատեսչությունների, ինչպես նաև իշխանության տարածաշրջանային մարմինների իրավասությունները 5
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հայտարարել է անօրինական միգրացիայի հետ կապված հանցագործությունների աճի մասին: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ավելի քան կրկնակի ավելացել է ապօրինի միգրացիայի կազմակերպման հետ կապված բացահայտված հանցագործությունների թիվը։ Այդ ակտիվությունը դուք բոլորդ տեսնում եք, բոլոր գերատեսչությունները, որոնք աշխատում են այդ ուղղությամբ... նրանք իսկապես ակտիվացել են»,-ասել է Կոլոկոլցևը իրավախախտումների կանխարգելման կառավարական հանձնաժողովի նիստում։
Նրա խոսքով` օտարերկրյա քաղաքացիների առանձին հակաիրավական արարքները հանրային լայն արձագանք են առաջացնում և «ազգամիջյան լարվածության մակարդակի բարձրացում» են հրահրում։
«Անօրինական միգրացիային հակազդելու հարցերը ռազմավարական նշանակություն ունեն, շոշափում են բազմաթիվ գերատեսչությունների, ինչպես նաև իշխանության տարածաշրջանային մարմինների իրավասությունները և պետք է լուծվեն համատեղ ջանքերով»,-հավելել է Կոլոկոլցևը:
Միաժամանակ, նախարարի խոսքով, 2024 թվականին նվազել է օտարերկրացիների շրջանում հանցագործությունների թիվը։ Ընդ որում, ծանր և առանձնապես ծանր արարքների թիվն ընթացիկ տարում նվազել է 7,6 տոկոսով:
Նրա խոսքով` օտարերկրյա քաղաքացիների կողմից հանցագործությունների թվի նվազման միտումը հաջողվել է ամրապնդել համալիր կանխարգելիչ աշխատանքի շնորհիվ։