ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի - Sputnik. Հունաստանում հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը թույլատրում է ծայրահեղ անհրաժեշտության դեպքում 6-օրյա աշխատանքային գրաֆիկ սահմանել շուրջօրյա աշխատող արտադրություններում և ձեռնարկություններում։ Այս մասին հայտնում է capital.gr լրատվական պորտալը։
«Այս միջոցառումն ընդունվել է արտադրության ակտիվացման ժամանակահատվածում արդյունաբերության ճյուղերի արտակարգ կադրային կարիքները հոգալու նպատակով։ Այդ իսկ պատճառով հստակ նախատեսված է, որ ոչ բոլոր ձեռնարկությունները կարող են օգտագործել վեցօրյա աշխատանքային շաբաթը, այլ միայն շարունակական աշխատանքային ռեժիմ ունեցող ձեռնարկությունները, այսինքն` նրանք, որոնց արտադրական գիծը անդադար է աշխատում»,-տեղեկացնում է պորտալը։
Օրենքը նույն կատեգորիային է դասում նաև արդյունաբերական և արտադրական հատվածի այն ձեռնարկությունները, որոնք անընդհատ չեն աշխատում, բայց կարող են աշխատել շարունակական աշխատանքային ժամերի ռեժիմով, այսինքն՝ օրական երեք հերթափոխով, յուրաքանչյուրը՝ ութ ժամ:
Վեցօրյա աշխատանքային գրաֆիկի ներդրումը կուղեկցվի թվային աշխատանքային քարտի եւ ERGANI II տեղեկատվական համակարգի ներդրմամբ` աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունում աշխատանքային ժամերի հաշվառման համար: