ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանում իշխող մեծամասնությունը հակված է հրաժարվել խորհրդարանական ընտրությունների արդյունքում կայուն մեծամասնություն ձևավորելու օրենսդրական պահանջից։
Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, և ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը՝ տեղերի 54%-ը: Օրենսդրության համաձայն` եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձևավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել:
«Եթե չեմ սխալվում, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է հանել կայուն մեծամասնության դրույթը։ Եվ մենք մեր իշխող մեծամասնության քննարկումներում միշտ կողմ ենք եղել դրան», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ։
Նշենք, որ Փաշինյանը բազմիցս հայտարարել է գործող Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։