Գյումրիում 33–ամյա տղամարդ է ձերբակալվել եղբորը սպանելու կասկածանքով

Ձեռնաշղթա
Գյումրիում եղբայրը ծեծել է քրոջը, մյուս եղբայրը միջամտել է և քաշքշուկի ժամանակ կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացել գլխի շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Գյումրիում երկու եղբայրների վեճն ավարտվել է սպանությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին։ ՀՀ ոստիկանությունը Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել։ Ավելի ուշ տղամարդը մահացել է։
Նախնական տվյալներով՝ այդ օրը` ժամը 09։00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը, լսելով քրոջ օգնություն կանչելու ձայնը, մոտեցել է ավտոտնակին, որտեղ նկատել է, թե ինչպես է 34–ամյա եղբայրը ծեծում քրոջը:
«Ըստ նախնական տվյալների՝ 33–ամյա տղամարդը քրոջը պաշտպանելու նպատակով միջամտել է վեճին, սակայն եղբայրը, վերցնելով խոհանոցային դանակը, հարձակվել է քրոջ վրա։ 33–ամյա տղամարդը եղբոր ձեռքից վերցրել է դանակը, և նրանց միջև քաշքշուկ է սկսվել։ Այդ ժամանակ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է ստացել գլխի շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (սպանություն` մերձավոր ազգականի կողմից) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 33–ամյա տղամարդը ձերբակալվել է։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, ինչպես նաև դանակի շեղբի կտոր: Կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է:
«Ֆազի» սպանության բացահայտմանը ներգրավվել է նաև ազգային անվտանգության ծառայությունը. ԶԼՄ