Երևանն ու Բաքուն կարող են մի քանի ամսում համաձայնության գալ պայմանագրի շուրջ. Ալիև

Որպես հնարավոր տարբերակ՝ Ադրբեջանի նախագահն առաջարկել է պայմանավորվել ընդհանուր սկզբունքների շուրջ, նախաստորագրել և հետո աշխատել խաղաղության համաձայնագրի տեքստի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Երևանն ու Բաքուն կարող են համաձայնության գալ խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների շուրջ մի քանի ամսվա ընթացքում։ Տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Կանադայի դեսպանի հավատարմագրերը:
Նրա խոսքով՝ կարելի է պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, նախաստորագրել դրանք և հետո աշխատել տեքստի վրա։ Ալիևը նշել է, սակայն, որ այդ ամենը տեղի կունենա, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ։
Օ'Բրայենն ասել է` ինչու է ԱՄՆ–ին պետք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը
Ալիևի գնահատմամբ՝ կողմերը «բավական արագ» են շարժվում բանակցային գործընթացի շրջանակում։
Ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել և ստորագրել խաղաղության համաձայնագիրը:
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։