Բացառիկ հնարավորություն կա. Բլինկենը` Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանավորվածության մասին

Ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ ակտիվորեն փորձել են Հայաստանին և Ադրբեջանին մոտեցնել խաղաղությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն բացառիկ հնարավորություն է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների հասնելու համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը` ելույթ ունենալով Բրուքինգսի համալսարանում։
Նա վստահ է` հարաբերությունների կարգավորումը տնտեսական աճի Արևելքի և Արևմուտքի, հարավի և հյուսիսի երկրների միջև կապի ամրապնդման համար մեծ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում։
«Մենք ակտիվ կերպով փորձում էինք հասնել դրան դիվանագիտության ճանապարհով` փորձելով Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնել խաղաղ պայմանավորվածություններին։ Կարծում եմ, որ այժմ իրականում հնարավոր է դրան հասնել։ Ես այդ մասին մոտ 1 շաբաթ առաջ էլ եմ ասել, երբ զրուցում էի Ալիևի հետ։ Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին»,– ընդգծել է Բլինկենը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։