Արդարությունը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարևորել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծումը, ընդգծելով, որ այդ ինստիտուտը պետք է նաև լրացնի արդարության պակասի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի համար արդարությունը շարունակում է մնալ ամենամեծ ակնկալիքներից մեկը, որը, հանրային կարծիքի տեսակետից, ՀՀ իշխանությունները չեն կարողացել լիարժեք կերպով հասցեագրել, իրագործել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գլխավոր դատախազություն կատարած այցի ժամանակ, որտեղ մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 106-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված կոլեգիայի նիստին:
«Մենք այս նպատակը ոչ մի րոպե մեր տեսադաշտից բաց չպիտի թողնենք, որովհետև արդարությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ ՀՀ քաղաքացիների թիվ մեկ ակնկալիքը, և շատ կարևոր է, որ դատախազությունը, քննչական մարմինները, դատական համակարգն ամեն օր իրենց աշխատանքում հենց այս նպատակն ունենան իրենց աչքի առջև»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` քաղաքացիների շրջանում այդ արդարության բացակայության զգացումը գալիս է մի բանից, որ Հայաստանում դատախազական, դատական, դատաիրավական համակարգն անկախ է ինքնիշխան ՀՀ ժողովրդից, նրա կամքից, քանի որ և՛ դատաիրավական համակարգում, և՛ պետական կառավարման համակարգում էլիտարիզմի տրամաբանություն է գործում։
Փաշինյանն ընդգծել է, որ արդարադատության համակարգում աշխատում են մարդիկ, որոնք գտնվում են կյանքի բոլորովին ուրիշ հարթության վրա և կապ չունեն այն մարդկանց հետ, որոնք ամեն օր ապրում են իրական Հայաստանում, որն էլ բերում է արդարության բացակայության կամ արդարության դեֆիցիտի զգացողության:
Այս համատեքստում Փաշինյանը կարևորել է ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտի ստեղծումը` ընդգծելով, որ այդ ինստիտուտը պետք է նաև լրացնի արդարության պակասի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պատկերացումը։
Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը: Վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել համակարգի մի խումբ ներկայացուցիչներ: