ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրերին

ՀՀ ԱԳՆ
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչն առաջիկայում կհանդիպեն հայ-թուրքական սահմանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 Հուլիսի – Sputnik. ՀՀարտաքին գործերի նախարարությունը խոստանում է ժամանակին տեղեկացնել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հուլիսի 2-ին հանդիպելու են սահմանային «Մարգարա» անցակետում:
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: