Անցած շաբաթ Իրանում անցկացված նախագահական ընտրություններում ամենաշատ քվեները ստացել է Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը։
Նրա օգտին քվեարկել է մոտ 10 ու կես միլիոն ընտրող, նրան զիջում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, որը ստացել է մոտ 9 ու կես միլիոն քվե։
Ընտրելու իրավունք ունեցող 61 միլիոն իրանցիներից ընտրությանը մասնակցել է 24 միլիոնը։ Քանի որ թեկնածուներից ոչ-մեկը չեն հաղթահարել 50 տոկոսի շեմը, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ, որ նախանշված է հուլիսի 5-ին։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ընտրությունների երկրորդ փուլում իրավիճակը շատ ավելի է բարդանալու։
«Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը կարողացավ պոպուլիզմի շնորհիվ իր օրակարգն առաջ մղել»,-արձանագրում է իրանագետը։