ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության թշնամու ախորժակը Տիգրանաշենը, Գեղարքունիքի մարզը կամ անկլավները չեն, այլ Սյունիքն է, որի համար հարյուրավոր տարիներ պայքարել է։ Այս մասին Գորիսում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց դիվանագետ Վահագն Մելիքյանը` խոսելով ՀՀ–ում ստեղծված իրավիճակի և Փաշինյանի վարած քաղաքականության մասին։
Նշենք, որ արդեն 3 օր է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ սրբազանի գլխավորությամբ Սյունիքի մարզում է։ Սրբազանն այնտեղ հանդիպումներ է ունենում մարզի տարբեր գյուղերի և քաղաքների բնակիչների հետ։
«Այս մարդիկ ասում են՝ ապրել եք ադրբեջանցիների հետ, էլի կապրեք, բայց այն ժամանակ խորհրդային շրջան էր, ընդհանուր մեխանիզմներն էլ թույլ չեն տվել լայնածավալ բախումներ սկսվեն։ Այսօր մեր թշնամու ախորժակը Տիգրանաշենը, անկլավերն ու Գեղարքունիքը չեն, այլ Սյունիքն է, որովհետև Սյունիքը իրենց շատ մեծ ծրագրի մի հատվածն է։ Մեր թշնամիները հարյուրավոր տարիներ պայքարել են դրա համար, հիմա նրանք իրենց ձեռքում Փաշինյան ազգանունով հրաշալի նվեր ունեն, որը իրավիճակը բերել է մի այնպիսի կետի, որ վաղը Սյունիքի գլխին կախվելու է այդ վտանգը։ Եթե մենք Սյունիքը կորցնենք, կկորցնենք Հայաստանը»,– ասաց Մելիքյանը։
Նա ընդգծեց, որ նախկինում Հայաստանը հենվել է անվտանգային 2 ոտքի վրա, մի ոտքը՝ Արցախն է եղել, որը ժամանակավոր կորցրել ենք, մյուս ոտքը Սյունիքն է։