ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահ է` իշխանության կողմից խաղաղության մասին գոռալը չի կարող առկա խնդիրների լուծում լինել։ Այս մասին Աբրահամյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Որքան էլ իշխանական քարոզչությունը դաշտում փորձի ֆոն ձևավորել, որ Սյունիքի սահմանամերձ գյուղերում մարդկանց միայն կենցաղային հարցերն են հետաքրքրում, իրականում պատկերն այլ է: Իհարկե, այնտեղ սոցիալական բազմաթիվ խնդիրներ կան կուտակված, իսկ կառավարությունն առանձնապես շահագրգռվածություն չի ցուցաբերում։ Մարդկանց համար անվտանգության գործոնը շարունակում է գերիշխող լինել: Խաղաղություն գոռալով հարց չի լուծվում, հատկապես որ այդ ամենի տակ քաղաքացին միայն զիջում, հանձնում ու պատերազմ է տեսնում»,– նշել է Աբրահամյանը։
Պատգամավորի պնդմամբ` մարդիկ երկրի ապագայի նկատմամբ վստահություն չունեն, որովհետև այն, ինչ 6 տարի շարունակ խոստանում է ՀՀ իշխանությունը` ամբողջությամբ փուչիկ է:
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սյունիքի մարզ։ Շինուհայր գյուղի բնակիչների հետ հանդիպմանը նա նշել է, որ հնարավոր է հանրաքվե անցկացնել հողի փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացում։
Փաշինյանը նշել է, որ տեղի է ունենում ոչ թե նոր սահմանի ձևավորման գործընթաց, այլ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանի վերականգնում։