Նարեկ Նալբանդյանը «Գոլդեն փելես» հյուրանոցը գրավադրել է բանկում․ «Հետք»

Ցուցանակ
Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ իրենք համաձայնություն են տվել, որ գրավադրված գույքը ևս մեկ անգամ գրավադրվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Ծաղկաձորի «Գոլդեն փելես» համալիրի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը հյուրանոցը գրավադրել է «Ամերիաբանկում»։ «Հետքն» այդ մասին տեղեկացել է Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկանքից։ Համալիրը գրավադրվել է հունիսի 26-ին։
Նույն տեղեկանքում նշված է, որ համալիրի նկատմամբ դեռևս գործում է Հայաստանի Հանրապետության գրավի իրավունքը։ Այսինքն` 2022 թ․-ից լինելով գրավ՝ գույքը ևս մեկ անգամ գրավադրվել է։
Ինչպե՞ս է հնարավոր եղել արդեն իսկ գրավադրված գույքը ևս մեկ անգամ գրավ դնել։
«Պետական գույքի կառավարման կոմիտեն տվել է իր համաձայնությունը, որ հաջորդող գրավ կիրառվի»,- «Հետքին» հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը։
Պետական գույքի կառավարման կոմիտեն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն՝ Նարեկ Նալբանդյանի ընկերությունը վճարել է հյուրանոցի գնման ամբողջ գումարը և կատարել խոստացված ներդրումները։ Հյուրանոցը գործարարին պատկանող «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ՍՊԸ–ին արտոնյալ պայմաններով էր վաճառվել՝ 5 տարում գումարը վճարելու պայմանով։
Այս տարվա դրությամբ ընկերությունը դեռևս պետք է 3 միլիարդ դրամ վճարեր, որը, ըստ Պետական գույքի կառավարման կոմիտեի, վճարվել է հունիսին։ Այս ամենից պարզ է դառնում, որ գործարարը հյուրանոցի գումարը վճարել է վարկային միջոցներով (գույքը գրավ դնելուց հետո)։