Նախագահական ընտրություններ Իրանում. առաջատարը ռեֆորմիստ Փեզեշքիանն է

Նախագահական արտահերթ ընտրություններ Իրանում
Արդեն ավելի քան 14 մլն քվեաթերթիկ է մշակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Իրանի նախագահի աթոռի համար մղվող պայքարում առաջատարը ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Մասուդ Փեզեշքիանն է, երկրորդ տեղում պահպանողական թևի թեկնածու Սաիդ Ջալիլին է։ Ինչպես հայտնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի ընտրական հանձնաժողովը ավելի քան 14 մլն քվեի հաշվարկից հետո։
Հանձնաժողովի տվյալներով՝ Փեզեշքիանը ստացել է մոտ 5,9 մլն քվե, Սաիդ Ջալիլին՝ 5,5 մլն, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ 1,8 մլն, իսկ Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 111 հազար։
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Իրանում կայացել են նախագահի արտահերթ ընտրություններ, որոնք նշանակվել էին Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։ Քվեարկությանը մասնակցելու համար Երևանում ընտրատեղամասեր էին բացվել Կապույտ մզկիթում ու Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։
Նշենք, որ Իրանի նախագահի աթոռի համար պայքարում են ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և Իրանի առողջապահության ու բժշկական կրթության նախկին նախարար, խորհրդարանի անդամ Մասուդ Փեզեշքիանը:
Ընտրությունների առաջին արդյունքները կհայտարարվեն հունիսի 29-ին` կեսօրից հետո։