ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագիրը քննարկել է Ալբանիայի արտգործնախարար Իգլի Հասանիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի համաժողովի շրջանակում։
«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հիշեցնենք` Միրզոյանը Խորվաթիա է մեկնել երեկ` հունիսի 28-ին։