Միրզոյանը Բորելի հետ քննարկել է վիզաների ազատականացման հարցը

Արարատ Միրզոյան–Ժոզեպ Բորել հանդիպում
Արարատ Միրզոյան–Ժոզեպ Բորել հանդիպում
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և Ադրբեջանի հետ բանակցությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում։
«Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Այս համատեքստում ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: Ընդգծվել է ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:
Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը:
Հիշեցնենք` Միրզոյանը Խորվաթիա է մեկնել երեկ` հունիսի 28-ին։ Նա շփվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հանդիպել Ալբանիայի արտգործնախարար Իգլի Հասանիի և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։