ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի Դուբրովնիկի համաժողովի մեկնարկի պաշտոնական ընդունելության ժամանակ շփումներ է ունեցել համաժողովին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ–ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ մտքեր են փոխանակվել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, արտգործնախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, արտգործնախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։
Հիշեցնենք` Միրզոյանը Խորվաթիա է մեկնել երեկ` հունիսի 28-ին։