Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 766 794 մարդ, ինչը 39 210-ով պակաս է 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ցուցանիշից։
Մեր երկիր ժամանածների գրեթե կեսը՝ 42 տոկոսը Ռուսաստանից այցելուներն են, երկրորդ տեղում Վրաստանն է, ապա` Իրանը։ Հնգյակում են նաև Հնդկաստանը՝ այցելուների 3 տոկոսով և Ֆիլիպինները՝ 2 տոկոսով: Հայաստան ժամանողների մեծամասնությունն ընտրում է օդային ճանապարհը։
Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է մի շարք գործոններ, որոնք ըստ նրա, կապված են այցելուների թվի նվազման հետ։
«Առաջին հերթին, մի շարք պետություններ՝ Ճապոնիան, ԱՄՆ-ը, ԵՄ—ի անդամ երկրները Հայաստանը ճանապարհորդության համար դեռ ներառում են ոչ անվտանգ երկրների ցանկում, ինչը բացասաբար է ազդում այդ երկրներից քաղաքացիների ներհոսքի վրա»,-փաստում է մասնագետը։
Ըստ Ապրեսյանի` կազմակերպված զբոսաշրջությունը, որը ոլորտի հիմնաքարն է, Հայաստանում բավականաչափ զարգացած չէ։