ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու մասին տեղեկացել են լրատվամիջոցներից:
Բաքվում կայացած ճեպազրույցում ամերիկացի դիվանագետը նշել է, որ Հայաստանը ձգտում է կայուն պետություն դառնալ, և որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ, այլ կերպ ասած՝ զինվում է։
Ինչ վերաբերում է Երևանին ֆրանսիական զենքի մատակարարման վերաբերյալ Բաքվի անհանգստությանը, ապա, ըստ Օ՛Բրայենի, դա նաև ցույց է տալիս, որ կողմերի միջև միմյանց նկատմամբ քիչ վստահություն կա: Եվ դա բացատրելի է՝ հաշվի առնելով 30-ամյա հակամարտությունը։
Պետքարտուղարի օգնականը նշել է, որ կողմերն աշխատում են խաղաղության և վստահության կառուցման ուղղությամբ:
Ավելի վաղ Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքում կողմերը պայմանագիր էին ստորագրել ֆրանսիական CAESAR հաուբիցների մատակարարման վերաբերյալ: Ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը 36 արձակման կայանքի մասին է։