ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի -Sputnik. Մոսկվան Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է հայտնել Հոկայդո կղզում` Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ, Գերմանիայի և Իսպանիայի հետ համատեղ մի շարք զորավարժություններ անցկացնելու Տոկիոյի ծրագրերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Հունիսի 28-ին Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատանը վճռական բողոք է ներկայացվել հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Հոկայդո կղզում` Ռուսաստանի Դաշնության սահմանների անմիջական հարևանությամբ, ԳԴՀ-ի և Իսպանիայի հետ համատեղ զորավարժությունների շարք անցկացնելու ճապոնական իշխանությունների ծրագրերի կապակցությամբ»,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:
Ճապոնական կողմին մատնանշվել է, որ ՌԴ հեռավորարևելյան սահմանների մոտ կտրականապես անթույլատրելի է սադրիչ ռազմական ակտիվությունը, որն իրականացվում է, այդ թվում, ՆԱՏՕ-ի արտատարածաշրջանային անդամ պետությունների հետ փոխգործակցությամբ։
«Նման ակտիվությունը գնահատում ենք որպես Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք»,-ասվում է մեկնաբանության մեջ:
Ռուսական կողմն ընդգծել է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդայի վարչակազմի անպատասխանատու քաղաքականությունը Տոկիոյին ուղղորդում է Հյուսիսարևելյան Ասիայում և ընդհանուր առմամբ Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում լարվածության վտանգավոր սրացման:
Նախարարությունը նախազգուշացրել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանունակության ամրապնդման և ինքնիշխանության պաշտպանության նպատակով համարժեք հակաքայլերի մասին: