ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը: Նա այդ մասին ասել է Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Նշնք, որ այսօր Բաքվում կայացել է դիվանագետի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները թույլ են տվել Ադրբեջանին կենտրոնական դեր խաղալ տարածաշրջանում քաղաքականության փոփոխության հարցում, ինչն էլ իր հերթին խաղաղության հաստատման է հանգեցրել:
Այնուհետև Օ' Բրայենը նշել է, որ Վաշինգտոնը շատ ոլորտներում արդյունավետորեն գործակցում է Բաքվի հետ:
«Այսօրվա քննարկումների մեծ մասը նվիրված էր տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը մենք քննարկել ենք մի քանի կոնկրետ հարցեր, մասնավորապես անդրադարձել ենք տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Խոսվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին», - ասել է նա։
Պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրների միջև համագործակցությունը ոչ միայն կբարելավի անվտանգության ոլորտում տիրող իրավիճակը, այլև թույլ կտա Կենտրոնական Ասիայից ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով համաշխարհային շուկաներ:
Մեկնաբանելով Հայաստանին ֆրանսիական սպառազինության մատակարարման մասին հարցը՝ Օ'Բրայենը հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի":
«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ», - նշել է դիվանագետը:
Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է գործընկերների հանդիպման ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Վաշինգտոնում:
Ավելի վաղ Ջեյմս Օ' Բրայենն այցելել էր Երևան և բանակցություններ վարել Հայաստանի ղեկավարության հետ: