ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Վանաձոր» ՔԿՀ. ինքնավնասման դեպքեր են եղել

Ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցներ են տեղի ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Վանաձոր» ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ որոշ տեղեկություններ են ստացվել, որ այդ ՔԿՀ–ում որոշ անձինք ինքնավնասման փորձեր են արել, հենց դրանից ելնելով էլ ուսումնասիրվել է ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։
«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր հրատապության կարգով քննարկվել են ՔԿՀ վարչակազմի հետ։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ինքնավնասման փորձ կատարած անձանց հետ: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերն ու պահման պայմանները»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ դեռ մարտի 13-ին «Վանաձոր» ՔԿՀ–ի պետ Մանուկ Պողոսյանն ազատվել էր պաշտոնից, իսկ մինչ այդ` փետրվար ամսին, մի խումբ կալանավորներ այնտեղ հացադուլ էին սկսել` պահանջելով ավելի արժանապատիվ պայմաններ։ Հավելենք, որ հացադուլը սկսվել էր տարվա սկզբին ՔԿՀ–ում իրականացված խուզարկություններից հետո։ Նրանց խցերից հայտնաբերվել էին թմրամիջոցի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ, ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։