«Խելացի քաղաքներ» ՀՀ–ում. ինչ ծրագրեր ունի Տարածաշրջանային համագործակցության խորհուրդը

Էդմոն Էվոյան
Ռուսաստանում ստեղծված խորհուրդն ամեն կերպ կնպաստի Հայաստանի մարզերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի հետ համագործակցությունը լինելու է նոր միջազգային նախաձեռնության՝ Տարածաշրջանային համագործակցության խորհրդի առաջնահերթ ուղղությունը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս հայտարարությունն արեց Տարածաշրջանային և մունիցիպալ համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար, Ռուսաստան-Հայաստան գործարար խորհրդի փոխնախագահ Էդմոն Էվոյանը։
Տարածաշրջանային և մունիցիպալ համագործակցության խորհուրդը նոր միջազգային նախաձեռնություն է, որն ուղղված է Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների միջև համագործակցության զարգացմանը։
«Ես ծնվել եմ Վանաձորում, Հայաստանն իմ տունն է, և ես` որպես հայրենասեր, շահագրգռված եմ երկրում կենսամակարդակի բարձրացմամբ։ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են և՛ պատմամշակութային ժառանգությամբ, և՛ տնտեսապես, ամենամեծ ապրանքաշրջանառությունը ՀՀ-ն ունի ՌԴ–ի հետ։ Տնտեսության զարգացումը բարեկամական հարաբերությունների լավագույն ցուցանիշն է, և մենք չպետք է բաց թողնենք է՛լ ավելի զարգացման հնարավորությունը, ինչպիսին էլ լինի իրավիճակը», - ընդգծեց Էվոյանը։
Նրա խոսքով` խորհուրդը նախատեսել է մի շարք հանդիպումներ Հայաստանի հասարակական կազմակերպությունների և մարզպետարանների ներկայացուցիչների հետ։ Ռուսական կողմից Արխանգելսկի և Վոլոգդայի մարզերն արդեն համագործակցելու պատրաստակամություն են հայտնել։
Էվոյանը նշեց խորհրդի գործունեության 4 հիմնական ուղղությունները` տնտեսություն, զբոսաշրջություն, մշակույթ և սպորտ։
Խոսելով ծրագրերի մասին՝ նա ընդգծեց, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ամենադինամիկ զարգացող ճյուղերից է, և խորհուրդն ամեն կերպ կնպաստի նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը Հայաստանի մարզերում։ Խոսքը ռուսական ընկերությունների բիզնես էկոհամակարգերի ինտեգրման մասին է՝ «խելացի ավտոկայանատեղից» մինչև «խելացի քաղաքներ»։
Էվոյանի ղեկավարած կազմակերպությունը յուրատեսակ կամուրջ է Ռուսաստանի և Հայաստանի միջև և ոչ միայն հասարակական կազմակերպությունների մակարդակով, այլ նաև բիզնես ոլորտում։
Խորհրդի գործադիր տնօրեն, Կ. Դ. Բալմոնտի անվան հասարակական և մշակութային-լուսավորչական նախաձեռնությունների հիմնադրամի նախագահ Կիրիլ Կրինժինն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանը ռազմավարական ուղղություն է իրենց կազմակերպության համար:
Կիրիլ Կրինժին
Նա որպես հիմնական ուղղություն նշեց երիտասարդական քաղաքականության, երիտասարդական մշակութային փոխանակման օրակարգը։ Ռոսսոտրուդնիչեստվոյի հետ համատեղ արդեն նախատեսված են թատերական փառատոներ, լեզվական ծրագրեր, դպրոցականների փոխանակումներ և այլ նախագծեր:
Ինչպես նշեց Կրինժինը, խորհուրդն իր գործունեության ընթացքում կնպաստի հայ-ռուսական համագործակցության նոր համակարգի ձևավորմանը և երկկողմ շփումների արդյունավետության բարձրացմանը։