ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Այն տեղեկությունները, թե Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հրաժարականի մտադրություն ունի, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին Aysor-ի հետ զրույցում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Նշենք, որ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը հայտնել էր, թե Եղիշե Կիրակոսյանը պատրաստվում է հրաժարական տալ։
«Նման որոշում այս պահին չկա, որևէ գործընթաց այս առումով չի իրականացվում: Գրասենյակը շարունակում է իրականացնել իր գործառույթները՝ շարունակելով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային իրավական ատյաններում»,- ասել է Սամվելյանը։
Նրա խոսքով` Եղիշե Կիրակոսյանն այս պահին գտնվում է իրեն հասանելիք արձակուրդում։
Ավելի վաղ «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը գրել էր, որ դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Նշվում էր, որ Կիրակոսյանը պատրաստվում է արձակուրդից չվերադառնալ և հրաժարական տալ։