ԵԽԽՎ–ն դարձել է շահերի և հտաքրքրությունների կազմակերպություն,այլ ոչ թե կատարում է իր առաքելությունը. Sputnik Արմենիայի եթերում ասել է արդարադատության նախկին նախարար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Անդրադառնալով եվրոպական կառույցի` Հայաստանի մասին վերջին զեկույցին` Հարությունյանը մասնավորապես ասել է. «Եթե նախկինում շատ ակնհայտ էր ադրբեջանական լոբբիի ազդեցությունը զեկույներւմ, ապա այս պահին ակնհայտ է թե՛ ադրբեջանական, և թե՛ ՀՀ կառավարության լոբբիի ազդեցությունը»։
ԵԽԽՎ-ը «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև է ընդունել, ուրտեղ իր աջակցությունն է հայտնելով Հայաստանի իշխանություններին։
Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը, 2023թ. սեպտեմբերին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների անցկացումը, որը, եվրոպական մարմնի գնահատմամբ` համապատասխանել է ժողովրդավարական չափանիշներին։
Վեհաժողովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բռնի տեղահանմանը և Հայաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հանրահավաքներին։ Փաստաթղթում արձանագրվում է, որ դրանք բռնի բնույթ են ստացել, երբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարական շենքեր։ Միաժամանակ զուգահեռներ են անցկացվում հունիսի 12-ի և 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների միջև։ «Վեհաժողովը գոհունակությամբ արձանագրել է, որ այս իրադարձությունների ժամանակ ոստիկանական ուժերի հետ բախումը չի հանգեցրել զոհերի՝ ի մեծ տարբերություն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի, երբ 10 զոհ եղավ»,–նշված է բանաձևի տեքստում։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ վեհաժողովը ողջունում է սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:Արցախի խնդրի վերաբերյալ բանաձևում հիշատակվում է 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։
Նշվում է, որ, վախենալով հետեւանքներից, բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ ԵԽԽՎ–ն նաև Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի բոլոր կալանավորված ներկայացուցիչներին, ինչպես նաև Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին։