ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ գործընկերոջը ներկայացրել է Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները և ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։
«Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ–ի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»,– հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ: Այս տարվա մարտին նախարարները բանակցություններ էին վարել Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակում։