Օ'Բրայենն ասել է` ինչու է ԱՄՆ–ին պետք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բաքու կատարած այցի ընթացքում մտադիր է Ադրբեջանի նախագահին փոխանցել, որ եկել է Հայաստանի հետ խաղաղության ժամանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԱՄՆ–ի նպատակն է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը` ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Դիվանագետն այս թեմային անդրադարձել է Բաքու կատարելիք այցի համատեքստում։
Օ'Բրայենը նշել է, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը` հնարավոր ավելի մեծ ճանապարհը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, և այդ նկատառումներից ելնելով` մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր»,- պարզաբանել է դիվանագետը։
Օ՛Բրայենը հավելել է, որ այցի ընթացքում ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կփոխանցի, որ եկել է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու ժամանակը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
Հունիսի 26–ին լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։