Հուլիսի 1-ից ԵԱՏՄ–ում ուժի մեջ կմտնեն հավի մսի որակի նոր պահանջները

Հավի միս
Կանոնակարգն արգելում է մի շարք կոնսերվանտների, համի ուժեղացուցիչների, ԳՄՕ-ների և թունաքիմիկատների օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հուլիսի 1-ից ԵԱՏՄ-ում ուժի մեջ կմտնի թռչնամսի անվտանգության նոր տեխնիկական կանոնակարգը: Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմին) մամուլի ծառայությունը:
Ի սկզբանե կանոնակարգն ուժի մեջ էր մտել 2023 թվականի հունվարի 1-ից, բայց անցումային շրջան էր սահմանվել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Տեխնիկական կանոնակարգը վերաբերում է հավի մսին և թռչնամսի այլ տեսակներին (թարմ սառեցրած կամ սառեցված), ինչպես նաև դրանցից պատրաստված արտադրանքին: Փաստաթուղթը սահմանում է հալեցման ընթացքում առանձնացող ջրի առավելագույն ծավալը (4%):
Ըստ կանոնակարգի` արգելվում է նաև մի շարք կոնսերվանտների, համի ուժեղացուցիչների, ԳՄՕ-ների և թունաքիմիկատների օգտագործումը երեխաների համար նախատեսված արտադրանքում: Բացի այդ, սահմանվում են մակնշման վրա նշված սննդային արժեքի ցուցանիշների (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, կալորիականություն) թույլատրելի շեղումների չափերը։
Ի՞նչ կտա Հայաստանին ԵԱՏՄ–Իրան համաձայնագիրը
Հուլիսի 1-ից արգելվում է հին չափորոշիչներով արտադրանքը: Մինչ այդ օրը արտադրված ապրանքները կվաճառվեն մինչև պիտանելիության ժամկետի ավարտը:
Հիշեցնենք` Հայաստանի թռչնաբույծների միությունը պարբերաբար բարձրացնում է հավի սառեցված մսի (ամբողջական) ներկրման խնդիրը` հավի սառեցված միսը հալեցվում է և վաճառվում թարմ սառեցվածի անվան տակ:
Սա խախտում է արդար մրցակցության կանոնները, քանի որ խորը սառեցված մսի ինքնարժեքն ավելի ցածր է, իսկ համային հատկանիշները տարբեր են։ Բացի այդ, դա խախտում է սանիտարական նորմերը։ Նման միսը վաճառվում է մոտ800 դրամով, մինչդեռ տեղական հավի թարմ միսն արժե 1 150-1 200 դրամից ոչ պակաս:
ԵԱՏՄ-ում երեք տարով կզրոյացնեն կոկոսի փաթիլների ներմուծման մաքսատուրքը․ ԵՏՀ