ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանը եվրասիական տրանսպորտային կարկասի առանցքային խաղացողներից է, Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Երթուղիներն անհրաժեշտ են ոչ միայն արևմուտքից արևելք, այլև հյուսիսից հարավ: Հյուսիս-հարավի մի շարք երթուղիներ անցնում են Հայաստանով։ Եվ այստեղ մենք առանձին նախագծեր կզարգացնենք», - ասաց Պոդգուզովը։
Նրա խոսքով՝ բանկը ներդրումներ է կատարել նաև Հայաստանի էներգետիկ համալիրում (Հրազդանի ՋԷԿ), պարենային («Երեմյան Փրոջեքթս»), արդյունաբերական և լեռնահանքային (Զանգեզուրի կոմբինատ) արդյունաբերություններում: Քննարկվում են նաև այլ նախագծեր:
Եվրասիական տրանսպորտային կարկասն իրենից ներկայացնում է միջազգային տրանսպորտային միջանցքների և երթուղիների համակարգ՝ ավելի քան 50 000 կիլոմետր երկարությամբ: Շրջանակային հայեցակարգը առաջարկվել է ԵԱԶԲ-ի կողմից: Այն ուղղված է Եվրասիայում տրանսպորտային կապի ամրապնդմանը և տարածաշրջանում տնտեսական զարգացման և առևտրի խթանմանը։