ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ՀՀ հյուսիսային հատվածներում ջրհեղեղից տուժած ագրոբիզնեսին և սննդամթերք արտադրողներին վարկային վճարումների գծով տարկետում կտրվի: Բանկերի հետ համապատասխան պայմանավորվածության մասին որոշումն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Որոշումը տարածվում է ագրոբիզնեսի զարգացման վարկերի վրա, որոնց համար կառավարությունը սուբսիդավորում է տոկոսադրույքները։
Հետաձգման համար դիմող բիզնեսի համար բանկը կկատարի վնասի գնահատում, որից հետո անհատական կարգով մեկ տարվա ընթացքում կորոշի, թե որքան ժամկետով կհետաձգի տոկոսների, մայր գումարի վճարումը կամ վճարումների արտոնյալ ժամանակահատվածը:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։