Հայաստանի հավաքականը Եվրոպայի Մ17 առաջնությունում 2–րդ տեղն է զբաղեցրել թիմային հաշվարկում

Հունահռոեմական ոճի ըմբիշներն ընդհանուր հաշվով 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ17 տարեկանների հավաքականը Նովի Սադ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանի թիմի կազմում միակ ոսկե մեդալը նվաճել է 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որը եզրափակչում 10։0 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Ասլանբեկ Կոստոևի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում Աճեմյանը 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել ադրբեջանցի Նիջաթ Իսգանդարլիի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Յուրիկ Մխիթարյանը (51 կգ), Ալեքս Մարգարյանը (60 կգ) և Սեյրան Կիրակոսյանը (110 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Նարեկ Գրիգորյանը (65 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։
Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև հունիսի 30-ը: Հունահռոեմական ոճի ըմբիներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճային ըմբիշներին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Մ17 տարեկանների ԵԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով՝ Արտակ Աղաբեկյան (45 կգ), Արմեն Պապիկյան (48 կգ), Աշոտ Գյուլնազարյան (51 կգ), Գագիկ Ղազարյան (55 կգ), Դավիթ Դավթյան (60 կգ), Եղիշե Մելիքյան (65 կգ), Նարեկ Հովհաննիսյան (71 կգ), Սահակ Հովհաննիսյան (80 կգ), Նարեկ Իլկիկյան (92 կգ), Անդրանիկ Ջաղեթյան (110 կգ):