«Freedom House»–ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում ՀՀ կառավարությանը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Ապրիլին «Freedom House»-ը հայտարարել էր, որ անցած տարի ժողովրդավարական կառավարման վարկանիշը Հայաստանում էապես նվազել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. «Freedom House»-ի զեկույցները կարևոր ազդակ են հաղորդում ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունն արել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրենի Մարկ Բեհրենդտի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարկ Բեհրենդտին
«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունն ու երկխոսությունը և նշել, որ «Freedom House»-ի զեկույցները ևս կարևոր ազդակ են հաղորդում կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում: Վարչապետը շեշտել է, որ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների օրակարգը կառավարության համար ռազմավարություն է»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, դատական համակարգի անկախության ապահովման և այլ ուղղություններով իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ Խոսվել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի մասին:
Մարկ Բեհրենդտ
Հիշեցնենք` ապրիլին «Freedom House»-ը հայտարարել էր, որ անցած տարի ժողովրդավարական կառավարման վարկանիշը Հայաստանում էապես նվազել է։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ արձագանքել էր` «Freedom House»-ը չի որոշում՝ Հայաստանը ժողովրդավար է, թե ոչ։ Նա շեշտել էր, որ Հայաստանը համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է: