ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) պատրաստ է դիտարկել Ադրբեջանի անդամակցության հայտը: Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովում և գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Ադրբեջանը գտնվում է այն տարածաշրջանում, որտեղ կենտրոնացած է մեր հիմնական գործունեությունը։ Եթե Ադրբեջանը բանկին անդամակցելու ցանկություն հայտնի, մենք հաճույքով կդիտարկենք նման առաջարկը և, վստահ եմ, լուծում կգտնենք», - ասաց Պոդգուզովը։
Եթե Բաքվից առաջարկ լինի, քննարկման համար կուղարկեն բանկի բաժնետերերին, որոնք, Պոդգուզովի կարծիքով, դրական կարձագանքեն: Նա նաև նշեց, որ Ադրբեջանն ակտիվ համագործակցում է բանկի համահիմնադիրների՝ Ռուսաստանի և Ղազախստանի հետ:
Նախագահը նաև անդրադարձավ Թուրքիայի հետ համագործակցությանը, մասնավորապես՝ Ղազախստանում մի քանի համատեղ նախագծերին:
«Մենք բաց ենք Թուրքիայի հետ գործակցության համար բանկին անդամակցելու առումով։ Այստեղ կարևոր է նախ համաձայնեցնել բաժնետերերի հետ, բայց մենք պատրաստ ենք երկխոսության»,– նշեց նա։
Հիշեցնելով, որ բանկը մարդասիրական օգնության շրջանակում Թուրքիային 1 մլն դոլար հատկացրեց ավերիչ երկրաշարժից հետո` Պոդգուզովը վստահեցրեց, որ ԵԱԶԲ-ն կշարունակի աշխատել նոր բաժնետերերի ներգրավման ուղղությամբ:
ԵԱԶԲ-ի բաժնետերերն են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը և Ղրղզստանը: