ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Եվրասիական զարգացման բանկը կարող է առաջիկա 3 տարում մոտ 500 մլն դոլարի ներդրում կատարել Հայաստանում։ Sputnik Արմենիայի և «Արմինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԵԱԶԲ–ի ավագ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինը Ալմաթիում ԵԱԶԲ-ի տարեկան ժողովի և գործարար համաժողովի շրջանակներում։
«Մոտ 500 մլն դոլարի ֆինանսավորում, որը մենք կարող ենք և կուզեինք (պետությունն էլ կցանկանար) ներդնել Հայաստանում 3 տարվա ընթացքում (2024-2026 թթ.-ին)․․․ Կարծում եմ` դա միանգամայն հնարավոր է»,-ասել է Իլյինը:
Նրա կարծիքով՝ տարեկան 150-180 մլն դոլարի ներդրումը Հայաստանում իրական և իրացվող ծավալ է։
Հայաստանում մշակվող նախագծերից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրության ծավալների ավելացման ներդրումային ծրագիրը։ Կա նաև World Trade Centre-ի կառուցման նախագիծ։ Ակնկալվում է, որ տարվա երկրորդ կեսին «Ռենշին» ընկերությունը պաշտոնական հայտ կուղարկի։
Իլյինը հայտնել է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դիմել է ԵԱԶԲ-ին ատոմակայանի արդիականացման նախագծի ֆինանսավորման համար: Բանկը պատրաստակամություն է հայտնել և սպասում է հայկական կողմի որոշմանը:
«Իսկ նոր կայանի կառուցումն ավելի շուտ գաղափար է, որն առայժմ նախագծի չի վերածվել»,-նշել է բանկի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգոզովը հայտարարել էր, որ ԵԱԶԲ-ն կվերանայի Հայաստանում մինչև 2026 թվականը նախատեսված ներդրումների ծավալը: