ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. ԵԱԶԲ-ն նախատեսում է 2026 թվականին բաժնետեր երկրներում ներդրումները հասցնել 11 մլրդ դոլարի։ Տեղեկությունն Ալմաթիում Եվրասիական զարգացման բանկի տարեկան ժողովի և գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է բանկի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
«Եվրասիական զարգացման բանկի ռազմավարությունը ենթադրում է մինչև 2026 թվականը մինչև 11 մլրդ դոլարի ներդրում մեր բաժնետերերի երկրների տնտեսություններում», - ասել է նա:
Պոդգուզովի խոսքով՝ բանկի ռազմավարությունը լավ ներկայացված է զարգացման այլ միջազգային բանկերի հետ համագործակցության զարգացման տեսանկյունից: Քանի որ նրանք միայն միասին գործելով կարող են հասնել մեծ արդյունքների՝ բաժնետերերի շահերից ելնելով:
Պոդգուզովը նշել է, որ տարբեր տարածաշրջանների առջև գլոբալ մարտահրավերներ են կանգնած և առանց ջանքերի միավորման անհնար է դիմակայել դրանց:
«Ցանկանում եմ միջազգային զարգացման բանկերին համագործակցության կոչ անել բոլոր մակարդակներում։ Քանի որ տարածաշրջանների զարգացման, Երկիր մոլորակի զարգացման ուղղությամբ մեր ջանքերը, ի վերջո, թույլ կտան մեր երկրների մարդկանց ավելի լավ ապրել», - ասել է Պոդգուզովը։
Ավելի վաղ ԵԱԶԲ-ն հայտարարել էր, որ դիտարկում է մասնակցությունը Հայաստանում մի քանի նոր խոշոր նախագծերին։
Նշենք, որ Ալմաթիում հավաքվել են զարգացման բազմակողմ բանկերի, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի, գիտական շրջանակների, մասնագիտական ասոցիացիաների ներկայացուցիչներ և լրագրողներ տարբեր երկրներից՝ փորձի փոխանակման, արդիական հարցեր քննարկելու և եվրասիական տարածքի շրջանակներում համատեղ զարգացման ուղիներ նախանշելու նպատակով: