ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի - Sputnik. Ղազախստանում հունիսի 25-27-ը քննարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների մանրամասները:
Միջոցառմանը երկրի դեսանտագրոհային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ալմազ Ջումակեևի ընդհանուր ղեկավարությամբ մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները։
Շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել և համաձայնեցվել են զորավարժությունների ծրագիրը, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերին հատկացվող միացյալ հրամանատարության և ազգային զորախմբերի կազմերը, գործնական գործողությունների կարգը:
Շտաբային բանակցությունների մասնակիցներն անցկացրել են զորավարժության անցկացման վայրի` «Բերեգ» զորավարժարանի տարածքի տեղազննություն:
Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը նախատեսվում է ՀԱՊԿ ձևաչափով անցկացվող համատեղ զորավարժությունների համալիրի ամփոփիչ փուլում:
Նախատեսվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահական գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակում:
Ինչպես արդեն հայտնել ենք, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: