Ակնկալում ենք նրանց աջակցությունը, ում համար կարևոր է խաղաղությունը․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարը
Էստոնիայի արտգործնախարարը Հայաստանին աջակցություն խոստացավ եվրաինտեգրման ճանապարհին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է գործընկերների աջակցությունը, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ ու կայունությամբ։ Տալլինում էստոնացի գործընկերոջ` Մարգուս Ցահքնայի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ Հայաստանը գրեթե վերջնականացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագի նախագծի տեքստը և պատրաստ է մեկ ամսում ամբողջությամբ ավարտին հասցնել այն և ստորագրել փաստաթուղթը։
«Ես չեմ կարող ասել, որ մենք տեսնում ենք դրական արձագանք Ադրբեջանից այս առաջարկին՝ ստորագրել խաղաղության համաձայնագիրը մեկ ամսում», - ընդգծեց Միրզոյանը։
Այնուամենայնիվ, Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և պատրաստ է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա և շարունակել սահմանազատման գործընթացը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։
Երևանը Բաքվից դեռ պատասխան չի ստացել. Արարատ Միրզոյանը` խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ արտգործնախարարը խորապես հավատում է, որ այժմ Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու պահն է, և այդ խաղաղությունը, նրա խոսքով, օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների և մարդկանց համար։
«Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ և ակնկալում ենք մեր գործընկերների ամուր աջակցությունը, որոնք հետաքրքրված են Հարավային Կովկասի կայունությամբ և երկարատև խաղաղությամբ», - ասաց նա։
Խոսելով Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության մասին՝ Միրզոյանը գնահատեց Էստոնիայի ներկայացուցիչների մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկու երկրների միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը։
Ժամանակն է կյանքի կոչել Թուրքիայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Միրզոյան
Նա նաև նշեց, որ քաղաքական երկխոսության խորացումը (երկու երկրների արտգործնախարարները վերջին կես տարվա ընթացքում երկրորդ անգամ են առերես հանդիպել ու ևս մի քանի անգամ զրուցել հեռախոսով) երկու երկրներին բերում է առանցքային ոլորտներում գործընկերության զարգացմանը, ինչպես ընդհանուր առմամբ առևտրի և ներդրումների, այնպես էլ նորարարությունների ոլորտում: Բոլորին հայտնի են Էստոնիայի ձեռքբերումները տնտեսության թվայնացման ու պետական կառավարման ոլորտում, իսկ Հայաստանը, նրա խոսքով, վերջին տարիներին գնում է այդ ճանապարհով:
Էստոնական լրատվամիջոցներից մեկի հարցին, թե որն է Հայաստանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ, Միրզոյանը պատասխանեց` Հայաստանը միանշանակ դեմ է պատերազմին։
«Մենք չենք կարող դա հանդուրժել ոչ միայն մարդկային տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ մենք նույնպես բախվել ենք այդ նույն արհավիրքին մեր տարածաշրջանում։ Մենք տեսել եք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը բռնի տեղահանվում, ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն։ Պատերազմը մշտապես սարսափելի բան է, և մենք կտրականապես դեմ ենք պատերազմին։ Մենք աջակցում ենք ոչ միայն խաղաղությանն ու կայունությանը, այլև երկրների տարածքային ամբողջականությանը։ Մենք միայն կարող ենք կոչ անել երկրներին դադարեցնել թշնամությունը»,– ասաց նա։
Ցահքնան իր հերթին նշեց, որ Հարավային Կովկասում բարդ իրավիճակ է, բայց հայ ժողովուրդը որոշում է կայացրել շարժվել Եվրամիության ուղղությամբ՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Էստոնացի նախարարը հույս հայտնեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կմնա կայուն, իսկ խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերը կշարունակվեն:
«Որպես 20 տարի առաջ ԵՄ-ին միացած երկրներից մեկը՝ մենք այս մասով ձեր շահերի ակտիվ պաշտպաններից ենք։ Պատրաստ ենք հնարավորինս օգնել», -հավելեց Ցահքնան։
Նա նշեց, որ երկու երկրները շարունակում են համագործակցությունը կրթության, բարձր տեխնոլոգիաների և Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ամրապնդման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Միրզոյանն աշխատանքային այցով է գտնվում Էստոնիայում: