ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ անվտանգության և ռազմական համագործակցության ոլորտում հարաբերությունների հետագա շփումները կախված են Մոսկվայի դիրքորոշումից։ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Գրիգորյանը հայտնեց, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման կառուցվածքում նախկին 96%–ից նվազել է ու դարձել 10%–ից էլ պակաս։
Նրա խոսքով` դա տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության որոշմամբ։
«Հենց Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Ի դեպ, նրանք դեռ լիովին չեն կատարել այն, ինչ նախատեսված էր պայմանագրերով։ Հետաքրքիր է, որ նույնիսկ այսպիսի խնդիրների պայմաններում, երբ նրանք (ՌԴ ներկայացուցիչները. խմբ.) պարբերաբար բողոքում են, որ Հայաստանը զենք է գնում այլ երկրներից, այնուամենայնիվ, չեն շարունակում մատակարարումներն այն պայմանագրերով, որոնք կնքվել են 2021-2022 թվականներին»,– ասաց Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի ճշտող հարցին, թե ինչով է Ռուսաստանը բացատրում մատակարարումների մերժումը, ԱԽ քարտուղարը պատասխանեց` որպես պատճառ ռուս գործընկերները նշել են Ուկրաինայում ռազմական գործողությունները։
Նշենք, որ 2022 թվականից հայկական կողմը Ռուսաստանին պարբերաբար մեղադրում է պայմանագրային պարտավորությունները չկատարելու մեջ։ Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը 2024 թվականի հունվարին հայտարարեց, որ Ռուսաստանից սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը լուծված են։
Հայաստանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Ռուսաստանը սպառազինություն ու ռազմական տեխնիկա չի մատակարարել ըստ պայմանագրի, որի շրջանակում գումարներ են փոխանցվել: Ճշգրիտ գումարը պաշտոնապես չէր նշվում։ Որոշ տվյալներով՝ խոսքը 250 մլն դոլարի մասին է, այլ տվյալներով՝ մոտ 400 մլն դոլարի։