ՌԴ–ի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև շփում նախատեսված չէ. Պեսկով

Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ՆԱՏՕ-ն անվանել է այս պահին Ռուսաստանի համար թշնամական դաշինք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և ԱՄՆ–ի առաջնորդների միջև հեռախոսային բանակցություններ նախատեսված չեն։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ»,-պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե արդյոք նախատեսվում են հեռախոսազրույցներ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների շփումներին, ապա ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հորդորել է հարցն ուղղել ՊՆ-ին:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ ղեկավար Անդրեյ Բելոուսովը և ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինը զրուցել են հեռախոսով և կարծիքներ փոխանակել ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
«Դիմեք պաշտպանության նախարարություն»,-պատասխանել է Պեսկովը լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլը տեղյակ է շփումների մանրամասներից։
Պեսկովն անդրադարձել է նաև ՆԱՏՕ–ին` նշելով, որ այս պահին ՆԱՏՕ–ն թշնամական դաշինք է Ռուսաստանի համար: Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարի փոփոխությունը դժվար թե օգնի փոխել դաշինքի` ՌԴ-ին ռազմավարական ճնշման ենթարկելու քաղաքականությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՆԱՏՕ-ն դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատել է Մարկ Ռյուտեի թեկնածությունը։
«Դժվար թե այս ընտրությունը կարող է ինչ-որ բան փոխել ՆԱՏՕ-ի գլխավոր գծում։ Հյուսիսատլանտյան դաշինքն այս պահին թե՛ առանձին-առանձին՝ մենք նկատի ունենք անդամ երկրներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների անմիջական ղեկավարությամբ, թե՛ միասին աշխատում են Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ռազմավարական ճնշման նպատակով։ Այս պահին այն մեզ համար թշնամական դաշինք է»,-ասել է Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, առաջարկել է սպասել հուլիսին դաշինքի գագաթնաժողովի արդյունքներին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Քեմերոնը պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ (որոնք ներկայացել են Պյոտր Պորոշենկոյի անունից) զրույցում հայտարարել էր, որ Ուկրաինան հուլիսին կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա, քանի որ ԱՄՆ-ն դեմ է դրան:
«Ես հնարավոր չեմ համարում որևէ մեկնաբանություն, քանի դեռ չկան այդ գագաթնաժողովի արդյունքները։ Եկեք սպասենք գագաթնաժողովին և տեսնենք, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու պետք է ՆԱՏՕ-ն նման որոշում կայացնի, և արդյոք դա նշանակում է, որ Վլադիմիր Զելենսկին առաջիկայում հրաժարական կտա։
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Վաշինգտոնում հուլիսի 9-11-ը:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Զելենսկու լիազորությունների ժամկետն ավարտվել է, նրա լեգիտիմությունը ոչ մի միջոցով չի վերականգնվի։