Փրկարարները հայտնաբերել են Աղավնավանքի մոտակայքում կորած քաղաքացու դին

61–ամյա քաղաքացու դին հայտնաբերվել է անտառում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Փրկարարները հայտնաբերել են Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորած քաղաքացու դին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ այսօր` ժամը 12:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Աղավնավանք գյուղի եկեղեցու մոտակայքում կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Անտառում հայտնաբերվել է քաղաքացի Ա. Ա.-ի (ծնված 1963 թ.) դին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փրկարարներն անտառից պատգարակով դուրս են բերել (մոտ 1 կմ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: