Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Յուրիկ Մխիթարյանն ու Ալեքս Մարգարյանը՝ փոխչեմպիոններ

Մինչև եզրափակիչ հասնելը Մխիթարյանը երեք գոտեմարտ էր անցկացրել և երեքում էլ բացահայտ առաավելությամբ հաղթել Լեհաստանի, Շվեյցարիայի և Ռումինիայի ներկայացուցիչներին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Մինչև 17 տարեկան հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է ոսկե առաջին մեդալը։ 45կգ քաշային կարգի եզրափակիչում Մարատ Աճեմյանը 10։0 հաշվով առավելության հասավ Ռուսաստանը ներակայացնող Ալսանբեկ Կոստոևի նկատմամբ։
Եվրոպայի առաջնությունում Մարատ Աճեմյանը իր ելույթները սկսեց քառորդ եզրակիչ գոտեմարտով, որում 9։0 հաշվով պարտության մատնեց նորվեգացի Աբու Բակար Սագային։ Կիսաեզրափակիչում Մարատը բացահայտ առավելությամբ՝ 8։0 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Նիջաթ Իսղանդարլիին։
Յուրիկ Մխիթարյան
Յուրիկ Մխիթարյանն էլ 51կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց ադրբեջանցի Թուրան Դաշդամիրովին և դարձավ արծաթե մեդալակիր։
Մինչև եզրափակիչ հասնելը Մխիթարյանը երեք գոտեմարտ էր անցկացրել և երեքում էլ բացահայտ առաավելությամբ հաղթել Լեհաստանի, Շվեյցարիայի և Ռումինիայի ներկայացուցիչներին, ու հենց նա էր համարվում եզրափակիչ գոտեմարտի հաղթողի հիմնական հավակնորդը։ Ամենայն հավանականությամբ հայ ըմբիշը հոգեբանորեն է «վառվել» եզրափակիչում։
Ալեքս Մարգարյանը (60 կգ) եզրափակիչում նույնպես պարտվեց ադրբեջանցի Այհան Ջավադովին ու դարձավ արծաթե մեդալակիր։