Հայաստանյան թիմը 8 մեդալ է նվաճել կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայում

Օլիմպիադային մասնակցել են «Քվանտ» վարժարանը, ԵՊՀ–ի ՍԹԵՄ դպրոցը, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կիրառական կենսաբանության միջազգային 4-րդ օլիմպիադային Հայաստանի ներկայացուցիչները 2 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հայաստանի 3 կրթօջախ ներկայացնող 8 աշակերտն էլ արժանացել են մեդալների։ Հայաստանի թիմը ղեկավարել է «Քվանտ» վարժարանի կենսաբանության ուսուցիչ Վահագն Գևորգյանը։
«ՀՀ թիմի կազմում ոսկե մեդալներ են նվաճել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Արամ Քերոբյանն ու ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարիամ Գալստյանը: Արծաթե մեդալներ են նվաճել «Քվանտ»–ի 11-րդ դասարանի աշակերտներ Արա Մելքոնյանը և Հրաչյա Սևոյանը, «Քվանտ»–ի 9-րդ դասարանի աշակերտ Անի Գևորգյանը, ԵՊՀ–ի ՍԹԵՄ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Նանե Անանիկյանը և Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էլեն Դանիելյանը: Բրոնզե մեդալ է նվաճել «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Հայկ Հարությունյանը»,– ասված է հաղորդագրությունում։
Մասնակիցները նախօրոք առցանց ձևաչափով մասնակցել ու հաղթահարել էին նախնական 2 փուլը և հնարավորություն ստացել մասնակցելու եզրափակիչ փուլին:
Եզրափակիչ փուլին ավելի քան 100 աշակերտ է մասնակցել Հայաստանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Թաիլանդից, Մալայզիայից, Նեպալից և Ֆիլիպիններից:
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հիշեցնենք, որ Կիրառական կենսաբանության միջազգային 3-րդ օլիմպիադային հայաստանյան թիմը ներկայացել էր 7 մասնակցով և արժանացել 4 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալի։