ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, ՓԾ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմերի համար այսօր ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք, փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարար ծառայության անունից մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցների տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։
ՆԳՆ–ից հորդորում են պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ են անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։