ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Ռուսաստանի դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովն ու Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Արսեն Մնացականյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակում համագործակցության ծրագրեր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արիստովն ու Մնացականյանը ստորագրել են գերատեսչությունների միջև համագործակցության ծրագրեր, որոնք հարկադիր կատարման ոլորտում երկու պետությունների փոխգործակցության ամրապնդում են նախատեսում։
Համագործակցության ծրագիր են ստորագրել նաև Արիստովը և Թաիլանդի արդարադատության նախարարության իրավական կատարման դեպարտամենտի ղեկավար Սիկսան Սուկսանգը։
Նշենք, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի հիմնական թեման իրավունքն է՝ որպես գլոբալ հավասարակշռության հիմք: Համաժողովն ավանդաբար համախմբել է տարբեր երկրների առաջատար իրավագետներին, քաղաքական գործիչներին, գործարար շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: