Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10 փաթեթ. Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանի խոսքով` գործընթացը դինամիկ է, բայց երբեմն առաջընթաց չի լինում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10 փաթեթ է ստացել Ադրբեջանից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ՀՀ ԱԳՆ–ն հունիսի 7-ին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է ստորագրման համար, և հայկական կողմը պատրաստ է կառուցողական և ինտենսիվ աշխատել առաջիկա մեկ ամսվա ընթացքում այն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ։
«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն էլ առաջընթաց կա, բայց երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,– ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։